Խորվաթիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորվաթիայի Հանրապետություն
Republika Hrvatska
Խորվաթիա դրոշ
Դրոշ
Խորվաթիա զինանշանը
Զինանշան
Օրհներգ՝
"Խորվաթիայի օրհներգ"
(անգլ.՝ "Մեր գեղեցիկ հայրենիք")

Խորվաթիա դիրքը
ՄայրաքաղաքԶագրեբ (խոշորագույն քաղաք)
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ խորվաթերեն
Էթնիկ խմբեր (2011)
Կառավարում ունիտար խորհրդարանական սահմանադրական հանրապետություն
 -  Նախագահ Զորան Միլանովիչ
 -  Վարչապետ Անդրեյ Պլենկովիչ
 -  Խորհրդարանի խոսնակ Գարդան Յանդրոկովիչ
 -  Սահմանադրական դատարանի նախագահ Միրոսլավ Շեպարովիչ
Հիմնադրում
 -  խորվաթների բնակեցում 6-րդ դար[1][2][3] 
 -  Իշխանություն 7-րդ դար 
 -  Թագավորություն 925 
 -  Հունգարիայի հետ միություն 1102 
 -  Հաբսբուրգյան միապետություն հունվարի 1, 1527 
 -  Ավստրո-Հունգարիային միացում հոկտեմբերի 29, 1918 
 -  Հարավսլավիայի ստեղծում դեկտեմբերի 4, 1918 
 -  Անկախության հռչակում հունիսի 25, 1991 
 -  ԵՄ անդամակցություն հուլիսի 1, 2013 
Տարածք
 -  Ընդհանուր 56.538 կմ²  (124-րդ)
 -  Ջրային (%) 1.09
Բնակչություն
 -  2017 նախահաշիվը 4,154,200[4]  (129-րդ)
 -  2011 մարդահամարը 4,284,889 (128-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2018 գնահատում
 -  Ընդհանուր $106.548 միլիարդ[5] (84-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $25,807[5] (56-րդ)
ՀՆԱ (անվանական) 2018 գնահատում
 -  Ընդհանուր $61.056 միլիարդ[5] (81-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $14,788[5] (57-րդ)
Ջինի (2018) 29.7 (17-րդ)
ՄԶՀ (2015) 0.827 (45-րդ)
Արժույթ խորվաթական կունա (HRK)
Ժամային գոտի Կենտրոնական Եվրոպայի ժամանակ (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST) CEST (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն .hr և .eu
Հեռախոսային կոդ +385

Խորվաթիա (խորվ.՝ Hrvatska, պաշտոնապես՝ Խորվաթիայի Հանրապետություն (խորվ.՝ Republika Hrvatska, /xř̩ʋaːtskaː/ ), պետություն Հարավարևելյան Եվրոպայում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Հունգարիային, արևելքում՝ Սերբիային, հարավ-արևելքում՝ Բոսնիա Հերցեգովինային և Չեռնոգորիային, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Սլովենիային։ Մայրաքաղաքը Զագրեբն է, որը նաև երկրի քսան վարչատարածքային միավորներից՝ ժուպանություններից մեկն է։ Խորվաթիայի տարածքը կազմում է 56 594 կմ² է, իսկ բնակչությունը՝ ավելի քան 4 միլիոն մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը խորվաթներն են, որոնք դավանում են կաթոլիկ քրիստոնեություն։

Հարավային սլավոնները Խորվաթիայի մերօրյա տարածքում հաստատվել են 6-րդ դարում և 9-րդ դարում այստեղ ստեղծել երկու անկախ իշխանություններ։ 925 թվականին Տոմիսլավ I-ի գահակալմամբ սկսվում է երկրի պատմության թագավորական շրջափուլը, որը շարունակվում է շուրջ երկու հազարամյակ։ Խորվաթիան իր հզորության գագաթնակետին հասնում է Պետար Կրեշիմիր IV-ի և Դմիտար Զվոնիմիրի կառավարման տարիներին, երբ խորվաթները տարածում են իրենց իշխանությունը Բալկանյան թերակղզու ամբողջ հյուսիսային շրջաններում։ 1102 թվականին Խորվաթիան դաշնային պետության ստեղծման մասին պայմանագիր է կնքում դաշնակից Հունգարիայի թագավորության հետ։ Օսմանյան բռնազավթումներից զերծ մնալու նպատակով երկրի բարձրագույն ժողովը 1527 թվականին Հաբսբուրգ թագավոր Ֆերդինանդ I-ին ընտրում է Խորվաթիայի գահակալ։ Առաջին համաշխարհային պատերազմի ելքը կանխորոշելով՝ 1918 թվականի հոկտեմբերին Զագրեբը հռչակվում է Ավստրո-Հունգարիայից փաստացի անկախ սլովենների, խորվաթների և սերբերի միացյալ թագավորության մայրաքաղաք։ Նույն տարվա դեկտեմբերին այդ տարածքներում ձևավորվում է Հարավսլավիա պետությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակներում գերմանական բանակի կողմից Հարավսլավիայի բռնազավթումից հետո Խորվաթիայի տարածքում հաստատվում է ամբողջատիրական վարչակարգ։ Պատերազմի ավարտից հետո ավտորիտար Խորվաթիայի անկախ պետությունը անկում է ապրում և վերջինիս տարածքում հռչակվում է Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետությունը՝ որպես Հարավսլավիայի դաշնային բաղադրիչ։ Մերօրյա Խորվաթիայի անկախ պետականությունը ստեղծվել է 1991 թվականի հունիսի 25-ին՝ քառամյա անկախության պայքարից հետո։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խորվաթիա» անվան հիշատակումը քարե արձանագրության վրա։

«Խորվաթիա» անունը ծագում է միջնադարյան լատիներեն «Croātia» բառից։ Խորվաթիայի տարածքում հայտնաբերված միջնադարյան Բրոնիմիրի մակագրության վրա հայտնաբերված DUX CRUATORVM (թարգմանաբար՝ «խորվաթների իշխանություն») գրությունն ապացուցում է այն պնդումը, որ միջնադարյան ժամանակներից ի վեր պետությունը կոչվել է Խորվաթիա։

Արևմտյան սլավոնների (լեհեր, սլովակներ, չեխեր) շրջանում տարածված է Xrovat երկրանվանումը, որը հավանաբար փոխառություն է պրոտոսլավոնական Xŭrvatŭ բառից։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջինիս ծագումնաբանության հիմքում էլ ընկած է հին պարսկերեն xaraxwat բառը[6]։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Harahvait-ը Արաքոզիա երկրամասի (հարավարևմտյան Աֆղանստան և հյուսիսային Պակիստան) պարսկերեն անվանումն է։ Խորվաթիայի անվան ճշգրիտ ծագումն անորոշ է, սակայն ենթադրվում է, որ այն սլավոններին տրված գոթական կամ հնդիրանական եզրույթ է[7]։ Երկրանվան մեզ հայտնի ամենահին գրավոր հիշատակումը Զվոնիմիր արքայի քարե արձանագրությունն է, որտեղ գրված է «zvъnъmirъ kralъ xrъvatъskъ» (Զվոնիմիր՝ խորվաթների արքա)[8]։ Երկրանվան լատիներեն տարբերակը գրավոր կերպով առաջին անգամ հիշատակված է 852 թվականին հրապարակված Տրպիմիր I իշխանի կանոնադրությունում։ Կասկած է հարուցում միայն այն, որ 9-րդ դարի քարե աշխատությունը կորել է և մեզ է հասել միայն վերջինիս 1568 թվականի կրկնօրինակը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն և հնագույն ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայի տարածքը դեռևս վաղ ժամանակներից ի վեր բնակեցված է եղել հնագույն մարդկանցով։ Հյուսիսային Խորվաթիայում հայտնաբերվել են Պլեյստոցենի դարաշրջանում գոյություն ունեցած նեանդերթալյան մարդու բրածոներ, որոնք թվագրվել են հին քարե դարի ժամանակաշրջանին։ Վերջիններս համարվում են Կրապինայի ամենահայտնի և լավ պահպանված հնագիտական օբյեկտները[9]։ Խորվաթիայի գրեթե բոլոր երկրամասերում հայտնաբերվել են նեոլիթի (նոր քարե դար) և էնեոլիթի (պղնձե քարե դար) ժամանակաշրջանների մնացորդներ[10]։

Խորվաթական ապոքսիոմենոսը Խորվաթիայի տարածքից հայտնաբերված մ․թ․ա․ 2-1-ին դարի բրոնզե հին հունական արձանիկ է։ Պահվում է Լուվր, Փարիզ։

Հնագիտական օբյեկտների ճնշող մեծամասնությունը հայտնաբերվել է հյուսիսային Խորվաթիայի գետահովիտներում։ Տարածաշրջանի քաղաքակրթության զարգացման վրա ամենաակնառու հետքն են թողել Ստարչևոյի, Վուչեդոլի և Բադենի մշակույթները[11][12]։ Շատ ավելի ուշ տարածաշրջանում ի հայտ են գալիս առաջին պետական կազմավորումները և դա պայմանավորված էր Դանուբի ավազանում բնակվող իլլիրիացիների կողմից Խորվաթիայի տարածքի նվաճմամբ։ Հաստատվելով Ադրիատիկ ծովի ավազանին՝ հելլենական ծագում ունեցող իլլիրիացիները Հվար, Կորչուլա և Վիս կղզիներում ստեղծում են իրենց առևտրային գաղութները։

Մ․թ․ա․ 9-րդ դարում մերօրյա Խորվաթիայի տարածքը նվաճվում է Հռոմեական կայսրության կողմից։ Նախքան գահից ինքնակամ հրաժարվելը Վալերիանոս Դիոկղետիանոս կայսրը Սպլիտում կառուցում է մեծ թագավորական պալատ։ Ժողովուրդների մեծ գաղթի դարաշրջանում Արևմտայն Հռոմեական կայսրության վերջին դե յուրե գահակալ Յուլիոս Նեպոտն իր տիրակալության զգալի մասը կորցնելուց հետո հաստատվում է Սպլիտում և ձևական կերպով որոշ ժամանակահատված գահակալում է աշխարհակալ պետության մնացորդների վրա։ Սակայն 475 թվականին վերջինս արտաքսվում է Ապենինյան թերակղզի՝ Իտալիա, և 475 թվականին դավադրաբար սպանվում։

Դարաշրջանի ավարտին՝ 7-րդ դարի առաջին տասնամյակում, սկսվում է ավարների և խորվաթների գաղթը։ Հաստատվելով Ադրիատիկի ավազանում՝ վերջիններս կոտորում են տեղի բնակչությանը և ավերում գրեթե բոլոր հռոմեական քաղաքները։ Ողջ մնացածները հեռանում են ավելի բարենպաստ հատվածներ՝ ափամերձ գոտիներ, կղզիներ, մի մասն էլ՝ լեռներ։ Խորվաթների և ավարների վայրագություններից փրկվածները Խորվաթիայի ծայրամասային շրջաններում հիմնում են գյուղեր և քաղաքներ։ Նույն սկզբունքով էլ հունական Էպիդավրոս գաղութի հիմքերի վրա հիմնվում է Դուբրովնիկը։

Խորվաթների էթնոգենեզը մինչ օրս վերծանված չէ, սակայն դրա շուրջ կան մի քանի վարկածներ, որոնցից ամենահայտնիներն են սլավոնական և իրանական տեսությունները։ Ամենաընդունվածը սլավոնական տեսությունն է, ըստ որի սպիտակ խորվաթները մեծ գաղթի ժամանակաշրջանում այստեղ են եկել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում գտնվող Սպիտակ Խորվաթիա տարածքից։ Իրանական վարկածը հիմք է ընդունում Տանաիական հուշատախտակի հունական գրությունները և խորվաթներին վերագրում հին պարսկական արիական ծագումնաբանություն[13]։

Միջնադարյան ժամանակահատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորչուլան Ադրիատիկի հնագույն քաղաքներից մեկն է։ Համաձայն տեղական ավանդության՝ 1254 թվականին հենց Կորչուլա քաղաքում էլ ծնվել է ճանապարհորդ Մարկո Պոլոն: Կորչուլայի պատմական կենտրոնը ևս ներառված է Խորվաթիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։

Ըստ 10-րդ դարի Բյուզանդիայի գահակալ Կոստանդին Ծիրանածինի «կայսրության կառավարման մասին» աշխատության՝ խորվաթները մերօրյա Խորվաթիայի տարածքում հաստատվել են միայն 7-րդ դարում։ Այնուամենայնիվ, այս պնդումը միանշանակ չէ և վերջիններիս ի հայտ գալու թվականը վիճարկվում է 6-9-րդ դարերի միջև ընկած ժամանակահատվածում։ 9-րդ դարում արդեն խորվաթներն Ադրիատիկ ծովի ափին հիմնում են երկու իշխանապետություններ․ Լյուդևիտը հարավում ստեղծում է Պանոնյան Խորվաթիայի իշխանությունը, իսկ հյուսիսում Բորնա իշխանը՝ Դալմաթական (անդրծովյան) Խորվաթիան։ Այսպիսով, միջնադարում ստեղծվում են առաջին բուն խորվաթական պետությունները, որոնք հիմնադրման պահից ի վեր դառնում են Ֆրանկական պետության վասալը։ Ֆրանկական տիրապետությունը խորվաթական հողերի վրա ավարտվում է Միսլավ իշխանի գահակալությունից մեկ տասնամյակ անց։

Քրիստոնեական ուսմունքը խորվաթների շրջանում տարածվել է դեռևս 7-րդ դարում, սակայն խորվաթները քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունում են միայն 9-րդ դարում։ Առաջին զտարյուն խորվաթ գահակալը, որի իշխանությունն ընդունվել է Հռոմի Պապի կողմից, եղել է Բրանիմիրը։ 925 թվականին Հռոմի պապ Հովհաննես X-ի օրհնությամբ Տոմիսլավ իշխանը թագադրվում է արքայական թագով՝ ստեղծելով Խորվաթիայի թագավորությունը։ Ռազմի դաշտում խորվաթական հեծելազորը պարտության է մատնում հունգարական և բուլղարական բանակներին՝ ընդարձակելով տերության սահմանները։ Միջնադարյան խորվաթական թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասնում է 11-րդ դարում։ Նման ռոյալիստական զարթոնքը կապված էր Պետար Կրեշիմիր IV-ի (1058-1074) և Դմիտար Զվոնիմիրի (1075-1089) գահակալման հետ։ 1091 թվականին անժառանգ մահանում է Տրիպիմովիչների արքայատոհմի վերջին արքան՝ Ստեփան II-ը, իսկ Հունգարիայի արքա Լասլո I Սուրբը ներկայացնում է իր հավակնությունները խորվաթական գահի նկատմամբ։ Բանն այն էր, որ Հելենան՝ հունգարացի արքայի քույրն, ամուսնացած էր Խորվաթիայի արքայի հետ և վերջինիս մահվանից հետո ինքնին հանդիսանում էր գահի միակ ժառանգորդը։

Օտար տիրապետությունից խոսափող խորվաթական արքունիքը՝ ազնվական Պետեր Սվաչիչի գլխավորությամբ, 1097 թվականին պատերազմ է հայտարարում Հունգարիայի թագավորությանը։ Գվոզդ լեռան ճակատամարտում հունգարական հեծելազորը փայլուն հաղթանակ է տոնում խորվաթների նկատմամբ, որի արդյունքում 1102 թվականին Խորվաթիայի և Հունգարիայի միջև կնքվում է դաշնային պայմանագիր։ Պայմանագրի հիման վրա ստեղծվում է միացյալ թագավորությունը, որը գոյատևում է մինչև 1526 թվականը։ Հաջորդ չորս դարերի ընթացքում խորվաթական հողերը ղեկավարվում է Սաբորի (ազգային ժողովի) և բանի (արքայական տիտղոս) կողմից։ 16-րդ դարում տարածաշրջանում ակտիվանում է Օսմանյան կայսրության սպառնալիքն ու Վենետիկի հանրապետության դեմ պայքարը՝ ափամերձ տարածքների վերահսկողության համար։ 1428 թվականին վենետիկյան նավատորմն իր գերիշխանությունն է հաստատում ամբողջ Դալմաթիայում (բացառությամբ Դուբրովնիկի, որտեղ ստեղծվում է ինքնավարություն)։ Հարյուրամյա թուրք-խորվաթական պատերազմների ելքը վճռվում է 1493 թվականի Կրբավայի և 1526-ի՝ Մոհաչեի ճակատամարտերում, որտեղ երկու դեպքում էլ թուրքերը տանում են վճռական հաղթանակ։ Խուճապահար խորվաթական խորհրդարանը ստիպված է լինում Հաբսբուրգների արքայատոհմից սերող Ֆերդինանդ I-ին ճանաչել Խորվաթիայի տիրակալ։ Այս քայլը պատերազմի մեջ է ներքաշում նաև Ավստրիական կայսրությանը, որն էլ փոխում է գործողությունների հետագա ընթացքը։

Հաբսբուրգյան միապետություն և Ավստրո-Հունգարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական զարգացումներ
  • Վաղ իշխանություններ
  • Խորվաթիայի իշխանություն (7-րդ դար–925)
  • Պանոնյան իշխանություն (8–9-րդ դար)
  • Խորվաթիայի թագավորոություն (925–1102)
  • Խորվաթիայի թագավորություն
  • Հունգարիայի հետ դաշնային պետություն (1102–1526)
  • Հաբսբուրգյան միապետություն
  • Խորվաթիայի թագավորություն (1527–1868)
  • Սլավոնիայի թագավորություն (1699–1868)
  • Դալմաթիայի թագավորություն (1815–1868)
  • Ավստրո-Հունգարիա
  • Խորվաթիա-Սլավոնիա (1868–1918)
  • Դալմաթիայի թագավորություն (1868–1918)
  • սլովենների, խորվաթների և սերբերի պետություն (1918)
  • Հարավսլավիա Հարավսլավիայի թագավորություն (1918–1939)
  • Խորվաթիայի բոնավինա (1939–1941)
  • {{{2}}} Խորվաթիայի անկախ պետություն
աջակից երկիր՝ Գերմանիա Երրորդ Ռայխ (1941–1945)
  • Խորվաթիա Խորվաթիայի ՍՀ
  • Հարավսլավիայի դաշնային սուբյեկտ (1943–1990)
  • Խորվաթիայի Հանրապետություն
  • Հարավսլավիայի կազմում (1990–1991)
  • Խորվաթիա Խորվաթիա (1991-մինչ օրս)

Օսմանյան բանակի տարած վճռական հաղթանակից հետո 1538 թվականին Խորվաթիայի տարածքը բաժանվում է քաղաքացիական և ռազմական գոտիների։ Խորվաթիայի ռազմական գոտին, որը հայտնի էր Կրաինա անվանումով, գտնվում էր Ավստրիայի կայսերական վերահսկողության ներքո։ Հարավային հողերում թուրքական գերիշխանությունը շարունակվում է մինչև 1593 թվականը, երբ Սիսակի ճակատամարտում ավստրիական բանակի ջախջախիչ պարտության է մատնում Հասան փաշայի ղեկավարած թուրքական բանակին։ Սա դառնում է օսմանյան բանակի առաջին խոշոր պարտությունը մարտի դաշտում։

Հաջորդիվ սկսվում է թուրք-խորվաթական պատերազմը, որը զգալի ժողովրդագրական փոփոխություններ է առաջ բերում։ Խորվաթները սկսում են գաղթել Ավստրիական կայսրության տարբեր հատվածներ, որի արդյունքում Բուրգենլանդում ստեղծվում է ավստրիական սուբէթնիկական համայնք։ 1712 թվականին Խորվաթիայի խորհրդարանը աջակցել է Սրբազան Հռոմեական կայսրության կազմում գտնվող Խորվաթիայի սուվերենության իրավունքը ոտնահարած կայսր Կառլ VI-ի նկատմամբ պրագմատիկ սանկցիաների կիրառմանը։ Պատժամիջոցներից հետո կայսրը խոստանում է հարգել Խորվաթիայի թագավորության բոլոր քաղաքական իրավունքներն ու Ավստրիայի թագուհի Մարիա Թերեզային ճանաչել որպես խորվաթական պետականության գլխավոր երաշխավոր։

Հռոմեական աշտարակը Դիոկղետիանոսի պալատի ճարտարապետական համալիրում։

1797-ից 1809 թվականներին Ֆրանսիական կայսրությունն աստիճանաբար գրավում է արևելյան Ադրիատիկի ափամերձ շրջանն ու նրա ծայրամասի զգալի հատվածը՝ պատմության ասպարեզից դուրս մղելով Վենետիկի և Ռուգուզիայի հանրապետություններին։ Նվաճված տարածքները միավորվում է Ֆրանսիայի Իլլիրյան նահանգի կազմի մեջ։ Հաջորդիվ բրիտանական նավատորմը սկսում է Ադրիատիկ ծովի շրջափակումը և 1811 թվականի Վիսի ճակատամարտում պարտության մատնում կայսերական Ֆրանսիայի ռազմածովային ուժերին։ Իլլիրյան նահանգը 1811 թվականին անցնում է ավստրիացիներին և Ավստրիայի կազմում հաստատվում է 1815 թվականի Վիեննայի վեհաժողովից հետո։ Նույն տարում ստեղծվում է Դալմաթիայի ենթակա թագավորությունը, որն ստանձնում է խորվաթ ժողովրդի ազգային միասնության գործը։ 1830-1840-ական թվականները նշանավորվում է Խորվաթիայի ազգային վերածննդով։ Այդ ժամանակաշրջանի հիմնական նպատակն էր հունգարերենին հակակշիռ խորվաթական առանձին լեզվի, գրականության և մշակույթի ստեղծումը։ 1848 թվականի հունգարական հեղափոխության ժամանակ Խորվաթիան զինակցում է Ավստրիային և օգնում Իոսիփ Էլաչիչի զորքերին արյան մեջ խեղդել ազատատենչ հունգարների բարձրացրած անկախության շարժումը։ Կայսերական Ավստրիայի և թագավորական Հունգարիայի 1867 թվականի մերձեցումը խարխլում է Խորվաթիայի դիրքերը աշխարհակալ տերության տարածքում, քանզի ավստրո-հունգարական պայմանագիրը Խորվաթիայի կարգավիճակի հարցի քննությունը թողնում էր հունգարական արքունիքին։ Հունգարիան պարտադրում է Խորվաթիայի և Սլավոնիայի միավորումը մեկ ենթակա պետության մեջ, սակայն միևնույն ժամանակ պահպանում է Դալմատիայի թագավորության ինքնիշխանությունն ու Ռիեկայի անջատողական կարգավիճակը։

Խորվաթիան Հարավսլավիայի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆրանկ Հ․Կոլումբուս (2005)։ Progress in Multiple Sclerosis Research։ Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Nova Publishers»։ էջ 42։ ISBN 1-59454-284-8։ Վերցված է 2018 թ․ մարտի 29։ «Խորվաթները 6-րդ դարում Պաննոնյան հովիտներից գաղթելով հաստատվել են Գուբա գետի հովտում `Գորսսկի Կոտարի արևելյան ծայրամասերը բնակեցնելով։» 
  2. Խորվաթիայի իրավունքների և օրենքների ընկերություն։ Վաշինգտոն ԿՇ: Միջազգային գործարար հրատարակություններ, ԱՄՆ։ 2008։ էջ 19։ ISBN 1-4330-6967-9։ Վերցված է 2018 թ․ մարտի 29։ «Croats are believed to be a Slavic people who migrated from Ukraine and settled in present-day Croatia during the 6th century.» (չաշխատող հղում)
  3. DK Eyewitness Travel Guide Eastern and Central Europe։ New York: DK Eyewitness Travel։ 2015։ էջ 431։ ISBN 978-1-46542-704-5։ Վերցված է 2018 թ․ մարտի 29։ «Slav tribes, including the Croats, settled in South Eastern Europe from early 6th century onwards.» 
  4. «EU population up to almost 512 million at 1 January 2017 – Europa EU»։ Eurostat։ 1 January 2017։ Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «World Economic Outlook Database, April 2018 – Croatia»։ International Monetary Fund։ Վերցված է 2018 թ․ ապրիլի 20 
  6. Alemko Gluhak (1993)։ Hrvatski etimološki rječnik [Croatian Etymological Dictionary] (Croatian)։ August Cesarec։ ISBN 953-162-000-8 
  7. Marc L. Greenberg (April 1996)։ «The Role of Language in the Creation of Identity: Myths in Linguistics among the Peoples of the Former Yugoslavia» (PDF)։ University of Kansas։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14 
  8. Fučić Branko (September 1971)։ «Najstariji hrvatski glagoljski natpisi» [The Oldest Croatian Glagolitic Inscriptions]։ Slovo (Croatian) (Old Church Slavonic Institute): 227–254։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14 
  9. Igor Salopek (December 2010)։ «Krapina Neanderthal Museum as a Well of Medical Information»։ Acta Medico-Historica Adriatica (Hrvatsko znanstveno društvo za povijest zdravstvene kulture) (2): 197–202։ ISSN 1334-4366։ PMID 21682056։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15 
  10. Tihomila Težak-Gregl (April 2008)։ «Study of the Neolithic and Eneolithic as reflected in articles published over the 50 years of the journal Opuscula archaeologica»։ Opvscvla Archaeologica Radovi Arheološkog zavoda (University of Zagreb, Faculty of Philosophy, Archaeological Department) (1): 93–122։ ISSN 0473-0992։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15 
  11. Jacqueline Balen (December 2005)։ «The Kostolac horizon at Vučedol»։ Opvscvla Archaeologica Radovi Arheološkog zavoda (University of Zagreb, Faculty of Philosophy, Archaeological Department) 29 (1): 25–40։ ISSN 0473-0992։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15 
  12. Tihomila Težak-Gregl (December 2003)։ «Prilog poznavanju neolitičkih obrednih predmeta u neolitiku sjeverne Hrvatske» [A Contribution to Understanding Neolithic Ritual Objects in the Northern Croatia Neolithic]։ Opvscvla Archaeologica Radovi Arheološkog zavoda (Croatian) (University of Zagreb, Faculty of Philosophy, Archaeological Department) (1): 43–48։ ISSN 0473-0992։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15 
  13. Hrvoje Potrebica, Marko Dizdar (July 2002)։ «Prilog poznavanju naseljenosti Vinkovaca i okolice u starijem željeznom dobu» [A Contribution to Understanding Continuous Habitation of Vinkovci and its Surroundings in the Early Iron Age]։ Prilozi Instituta za arheologiju u Zagrebu (Croatian) (Institut za arheologiju 19) (1): 79–100։ ISSN 1330-0644։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15