ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից
ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ
Верховный Совет Союза Советских Социалистических Республик
Badge of the Supreme Soviet of the Soviet Union.svg
Տեսակ
Տեսակօրենսդիր իշխանություն և Խորհրդարան
Պատմություն
Հիմնադրվածհունվարի 12, 1938
Լուծարվածդեկտեմբերի 26, 1991
ՆախորդԽորհրդային Միության Սովետների Համագումար
ՀաջորդԽՍՀՄ Ժողովրդական պատգամավորների 4-րդ համագումար
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ

ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ (ռուս.՝ Верховный Совет СССР), պետական իշխանության բարձրագույն ներկայացուցչական և միակ օրենսդիր մարմին ԽՍՀՄ-ում։ Ընտրվում է 4 տարի ժամանակով ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ։ Գերագույն խորհուրդը որպես երկրի պետական իշխանության բարձրագույն օրգան ստեղծվել է 1936 թվականի դեկտեմբերի 5-ի սահմանադրությամբ։ Մինչ այդ պետական իշխանության բարձրագույն մարմինը խորհուրդների համագումարն էր, նստաշրջանների միջև ընկած ժամանակամիջոցում՝ Կենտրոնական գործադիր կոմիտեն (ԿԳԿ)։ ԽՍՀՄ գերագույն խորհրդի բացառիկ իրավասությանն է պատկանում ԽՍՀՄ օրենքների հրապարակումը, ժողովրդական տնտեսության պլանի սահմանումը, պետական բյուջեի և դրա կատարման վերաբերյալ հաշվետվության հաստատումը, հողօգտագործման, հողի ընդերքից, անտառներից, ջրերից օգտվելու, լուսավորության և առողջապահության հիմունքնևրի, աշխատանքային օրենսդրության, դատարանակազմության և դատավարության օրենսդրության, ինչպես նաև քաղաքացիական ու քրեական, ամուսնության և ընտանիքի մասին օրենսդրության հիմունքների և այլ օրենսգրքերի ու օրենսդրության հիմունքների սահմանումը, ամնիստիայի մասին համամիութենական ակտերի հրապարակումը։ Նրա իրավասության մեջ կենտրոնական տեղ են գրավում պատերազմի և խաղաղության հարցերի լուծման հետ կապված լիազորությունները։ Նրա բացառիկ իրավասությանն է պատկանում ԽՍՀՄ կազմում նոր միութենական հանրապետություն ընդունելու, միութենական հանրապետությունների միջև եղած սահմանները փոփոխելու, միութենական հանրապետության կազմում նոր ինքնավար հանրապետությունների և ինքնավար մարզերի կազմավորումը հասաատելու իրավունքները։ ԽՍՀՄ գերագույն խորհուրդը ընտրում է նախագահություն, կազմավորում է ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ, ընտրում է գերագույն դատարան, նշանակում գլխավոր նախագահ։ Գերագույն խորհուրդն ունի երկպալատյա կառուցվածք, որը պայմանավորված է ԽՍՀՄ ժողովուրդների ընդհանուր և առանձնահատուկ շահերի ներդաշնակ զուգորդման անհրաժեշտությամբ։ ԽՍՀՄ ժողովուրդների ընդհանուր շահերն արտահայտում է միության խորհուրդը, իսկ ազգային առանձնահատուկ շահերը՝ ազգությունների խորհուրդը։ Պալատները օժտված են միևնույն իրավունքներով։ Պալատների միջև տարաձայնություն լինելու դեպքում վիճելի հարցը հանձնվում է պարիտետային հիմունքով նրանցից ստեղծվող համաձայնեցուցիչ հանձնաժողովին։ Եթե այս հանձնաժողովն էլ չի հանգում համաձայնեցված որոշման կամ նրա կողմից ընդունված որոշումը չի բավարարում պալատներից մեկին, ապա հարցը կրկին քննարկվում է պալատներում։ Եթե այս անգամ էլ պալատները չեն հանգում միասնական որոշման, ապա գերագույն խորհրդի նախագահությունը արձակում է գերագույն խորհուրդ և նշանակում նոր ընտրություններ։ Գերագույն խորհրդի գործունեության հիմնական ձևը նստաշրջանն է, որն իրենից ներկայացնում է պալատների բոլոր նախագահների ընդհանուր ժողով։ Ըստ սահմանադրության, նստաշրջանները գումարվում են նախագահության կողմից տարեկան 2 անգամ։ Արտահերթ նստաշրջաննևրը գումարվում են նախագահության հայեցողությամբ կամ միութենական հանրապետություններից մեկի պահանջով։ Պալատների նիստերը տեղի են ունենում առանձին-առանձին կամ համատեղ։ Պալատների օժանդակ մարմիններն են ավագների խորհուրդները և մշտական ու ժամանակավոր հանձնաժողովները։ Ցուրաքանչյուր պալատում ստեղծվում է ավագների խորհուրդ՝ բաղկացած դեպուտատների խմբերի ներկայացուցիչներից, որը լինելով խորհրդակցական մարմին, նախապես քննարկում է նստաշրջանի հարցերը, օրակարգի նախագիծը, քննարկման կարգը, ընտրվող մարմինների անձնակազմին վերաբերվող առաջարկները։ Պալատներում գործում են մանդատային, օրենսդրական նախագծումների, պլանա-բյուջետային, արտաքին գործերի, արդյունաբերության, շինարարության, առողջապահության և սոցիալական ապահովության, գյուղատնտեսության, ժողովրդական կրթության և այլ մշտական հանձնաժողովներ։ Գերագույն խորհուրդը հրատարակում է օրենքներ և որոշումներ, ընդունում է դեկլարացիաներ, կոչեր, հայտարարություններ։ Գերագույն խորհուրդը ընտրում է գերագույն խորհրդի նախագահություն՝ նախագահի, նրա 15 տեղակալի (յուրաքանչյուր միութենական հանրապետության գերագույն խորհրդի նախագահության նախագահները), քարտուղարի և 20 անդամի կազմով։ Նախագահությունն իր գործունեության համար հաշվետու է գերագույն խորհրդին։ Նրա լիազորությունների շրջանակը սահմանված է ԽՍՀՄ սահմանադրության 49-րդ հոդվածում։ 1937-1974 թվականներին ԽՍՀՄ-ում գումարվել են 9 գերագույն խորհուրդներ։ Միութենակաև և ինքնավար հանրապետությունների միապալատ գերագույն խորհուրդների կազմակերպման ու գործունեության կարգը որոշվում է համապատասխան հանրապետության սահմանադրությամբ։ ՀԽՍՀ գերագույն խորհրդի գործունեության կարգն ու ներքին կառուցվածքը նույնական է ԽՍՀՄ գերագույն խորհրդին։ ՀԽՍՀ գերագույն խորհրդի աշխատանքային լեզուն հայերենն է։ Գերագույն խորհրդի նախագահությունն ունի նախագահ, երկու տեղակալներ, քարտուղար և 15 անդամ։ Մինչև 1938 թվականըը գերագույն խորհրդի ֆունկցիան կատարել է խորհուրդների համագումարը, նրա նստաշրջանների միջև ընկած ժամանակամիջոցում՝ հանրապետության Կենտրոնական գործադիր կոմիտեն։ ՀԽՍՀ գերագույն խորհրդի մեկ դեպուտատ ընտրվում է 8 հազար բնակչից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 25 CC-BY-SA-icon-80x15.png