The Wayback Machine - https://webcf.waybackmachine.org/web/20210513132045/https://urolog.am/%D5%A1%D5%BA%D6%80%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BAlifestyle/%D5%AE%D5%AD%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BF%D5%B6%D5%B8%D6%82%D6%84%D5%A1%D5%B2%D6%81%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A8smokingandcancer/
2017/06/30

Ծխախոտի քաղցկեղածին հատկության մասին բազմաթիվ տվյալներ կան: Հայտնի է, որ ծխախոտը կարող է առաջացնել թոքերի, ըմպանի, կոկորդի, կերակրափողի եւ այլ օրգանների քաղցկեղ: Սակայն քիչ է հայտնի, որ ծխախոտը միզապարկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է: Ճիշտ է` միզապարկի քաղցկեղն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, սակայն կանանց ծխելու սովորության տարածման հետ մեկտեղ՝ սկսել է հանդիպել հավասարապես: Երբ ծխախոտն այրվում է, առաջանում են բազմաթիվ նյութեր, որոնք ունեն ենթաքիմիական կառուցվածքներ: Այս նյութերն ունեն քաղցկեղածին ազդեցություն օրգանիզմի վրա:

 

Միզապարկի քաղցկեղի ամենակարեւոր ախտանիշն արյունամիզությունն է: Վերջինս որպես ախտանիշ կարող է հանդիպել մի շարք այլ ուրոլոգիական հիվանդությունների ժամանակ եւս, սակայն ցանկացած պարագայում պետք է արյունամիզության ժամանակ կատարել մի շարք գործիքային քննություններ՝ հաստատելու կամ բացառելու ուռուցքային հիվանդությունը:

 

Պետք է հիշել, որ արյունամիզության ախտանիշի անտեսումը կարող է կործանարար հետեւանք ունենալ հատկապես քաղցկեղի դեպքում: Հաստատված է, որ երբ մարդն օրական ծխում է 20 ծխախոտ` 10 տարի տեւողությամբ, միզապարկի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը կրկնակի է, քան չծխողների մոտ: Իսկ ծխելու դադարեցման հետ՝ քաղցկեղի եւ միզապարկի ուռուցքի ռիսկը կրկնակի նվազում է: Հայաստանում ծխախոտամոլության աճի հետ մեկտեղ կան բազմաթիվ ուռուցքային հիվանդություններ, այդ թվում՝ միզապարկի քաղցկեղի շատ դեպքեր: Հետեւաբար, հարկավոր է ուշադրություն դարձնել այս հիվանդության կանխարգելմանը, մանավանդ, քաղցկեղի առաջացման հավանական պատճառը, գոնե այս պարագայում, արդեն հայտնի է բոլորիս: